ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
16.11.2016 | 15:38

Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:


Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները, Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցել հասարակությանը քննարկվող նախաձեռնության և զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները, անդրադարձել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին:


Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել «Ազգ-բանակ» գաղափարախոսության դրույթները:
Ընդգծելով, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակության կամ պետության ռազմականացմանը, ավելին` «Ազգ-բանակը» այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն, Վիգեն Սարգսյանը նշել է, որ միայն բանակի ներուժի լիարժեք օգտագործմամբ` տնտեսության, սոցիալական, հասարակական, կրթական, գիտական և այլ ասպարեզների ներդաշնակ փոխգործակցությամբ է պայմանավորված զինված ուժերի մարտունակությունը և պետության անվտանգության ապահովումը:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ